Armathwaite Hall Hotel & Spa բրիտանական հյուրանոցը Կամբրիա կոմսությունում հյուրերին առաջարկում է նոր ծառայություն՝ զբաղվել յոգայով լեմուրների ընկերակցությամբ, տեղեկացնում է RTVi հեռուստաալիքը՝ հղում կատարելով Telegraph-ին։
Պարապմունքներն ստացել են «լեմոգա» անվանումը։ Բացի հյուրանոցում հյուրընկալվողներից, պարապմունքներին մասնակցում են նաեւ մի քանի կատվակերպ լեմուրներ։ Նրանք ապրում են արգելոցի տարածքում, որը գտնվում է հյուրանոցի կողքին։
Հյուրանոցի աշխատակազմը լեմուրներին ընդգրկել է պարապմունքներին նրանց այն կեցվածքի պատճառով, որը նրանք ընդունում են արեւի տակ ջերմանալիս։ Այն շատ նման է յոգայի լոտոս կեցվածքին։
«Լեմոգայի» նպատակներից է նաեւ մարդկանց ծանոթացնելը վայրի բնության ներկայացուցիչների հետ։ «Լեմոգան» օգնում է մեր հյուրերին բնության հետ ներդաշնակ զգալ եւ միաժամանակ ծանոթանալ լեմուրների հետ»,- ասել է հյուրանոցատեր Քերոլին Գրեյվսը։




























