Արտասահմանյան ավտոարտադրող ընկերությունների ներկայացուցիչները ուզում են Հայաստան ավելի շատ էլեկտրական ավտոմեքենա ներկրել։ Այս մասին ապրիլի 2-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայ-բրիտանական բիզնես-պալատի նախագահ Նաիրա Մանուկյանը։ Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել էլեկտրամոբիլներին ԱԱՀ-ից ազատելու օրենսդրական նախագիծը։ «Սակայն դա վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, եւ ոչ՝ իրավաբանական։ Միաժամանակ, ավտոսրահները նույնպես ուզում են հարկային արտոնություններով նոր էլեկտրամոբիլներ ներկրել»,- պարզաբանել է Մանուկյանը։ Իր հերթին, Հայ-բելգիական առեւտրային պալատի փոխնախագահ Ֆելիքս Փայտյանը բերել է Բելգիայում արված հաշվարկներ։

Նրա խոսքերով, շարժիչի 3-3,5 լիտր աշխատանքային ծավալով ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման, ապահովագրության, գույքահարկի եւ բնապահպանական վճարների ծախսերը տարեկան կարող են կազմել մոտ 3000 եվրո՝ այն դեպքում, որ հզորությամբ համեմատելի էլեկտրամոբիլի ծախսերը կկազմեն ընդամենը 80 եվրո։ Այդ ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանը հայտարարել է, որ իրենք սատարում են էլեկտրամոբիլների ներկրման գաղափարը, սակայն հավելել է, որ արտոնությունները պետք է լինեն ժամանակավոր, սակայն զգալի, որպեսզի այդպիսի ավտոմեքենաները շրջանառության մեջ դրվեն։ 

«Դրանից հետո կարելի է կրկին հարկեր սահմանել դրանց վրա։ Սակայն այս փուլում կարեւոր է դրանք տարածելը։ Էլեկտրականություն բենզինի եւ գազի փոխարեն՝ դա լավ է եւ բնապահպանության, եւ ներկրվող վառելիքը տեղականով փոխարինելու առումով»,- նշել է խորհրդարանականը։ Իր հերթին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւ նրա գործընկերները խոստացել են քննարկել այդ առաջարկությունը։ Հարկ է նշել, որ նիստին ներկա են եղել նաեւ եվրոպական բիզնես-պալատների ներկայացուցիչներ։