Ford ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Kuga կոմպակտ քրոսովերը։ Մոդելը, որն ավելի մեծ է, քան նախորդը, կիսավտոմատ կառավարման գործառույթ եւ երեք հիբրիդային մոդիֆիկացիա ունի, տեղեկացնում է Autonews-ը։
Ford Kuga-ն չորրորդ սերնդի Focus-ի մեծ տարբերակն է, որի շնորհիվ մեքենան 100 կիլոգրամով թեթեւ է, բայց եւ նախորդից ավելի ամուր։ Քրոսովերի երկարությունն ավելացել է 44 միլիմետրով, անիվների բազայի չափսը՝ 20 միլիմետրով։ Մեծացել է բեռնախցիկը, թեեւ ստույգ թվեր դեռ չեն նշվում։
Ford Kuga-ի դիզայնը կատարված է նոր Focus-ի եւ Fiesta-ի ոճով։ Քրոսովերը չունի անալոգային կոճակներ. գործառույթների մեծ մասի կառավարումն իրականացվում է մուլտիմեդիա համալիրի թաչսքրինի միջոցով։
Նոր Ford Kuga-ն առաջարկվում է հինգ ուժային սարքերով։ Քրոսովերը համալրվում է 1,5 լիտրանոց բենզինային EcoBoost տուրբոշարժիչով, 120 եւ 150 ձիաուժով։ Դիզելային գամման ներկայացված է 120 եւ 180 ուժային ագրեգատներով՝ 1,5 եւ 2 լիտր աշխատանքային ծավալով։ Տրանսմիսիաներն են վեցաստիճան «մեխանիկան» կամ ութ դիապազոնանի «ավտոմատը»։
Բացի այդ, քրոսովերը հասանելի է նաեւ 2 լիտրանոց 150 ձիաուժ շարժիչով, որն աշխատում է «փափուկ հիբրիդ» սխեմայով, 48 վոլտ համակարգի հիմքի վրա։ Շարժիչը գործում է ստարտեր-գեներատորի հետ միասին, որը կարող է կուտակել էլեկտրական էներգիա արգելակելիս։



























