Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանական օրվանից տասը օր առաջ որոշել է ԵՄ առաջնորդներին խնդրել Brexit-ը եւս մեկ անգամ հետաձգելու մասին՝ հայտնում է BBC-ն։
Թերեզա Մեյը երեքշաբթի երեկոյան, կառավարության մի քանի ժամ տեւած արտակարգ նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ եւ հայտնել է, թե քանի որ Բրիտանիայի խորհրդարանը ԵՄ-ից երկրի դուրս գալու որեւէ որոշում չի կարողանում ընդունել, անհրաժեշտ է Brexit-ի եւս մեկ հետաձգում, սակայն այն չպետք է երկարատեւ լինի։
Բրիտանիան ի սկզբանե Եվրամիությունից պետք է դուրս գար մարտի 29-ին, սակայն երկրի քաղաքական գործիչների կողմից որոշում չընդունելու պատճառով Բրյուսելն արդեն հետաձգել է այն մինչեւ ապրիլի 12-ը։
Այժմ ԵՄ ղեկավարներն ասում են, որ պատրաստ են մեկ անգամ էլ հետաձգել Brexit-ը, սակայն ուզում են իմանալ, թե ինչ են անելու Բրիտանիայի կառավարությունն ու խորհրդարանը այդ լրացուցիչ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես են պատրաստվում դուրս գալ փակուղուց։





























