Մեքսիկայի Կանաչների կուսակցությունն առաջարկել է երկրի քաղաքների փողոցներից հանել Քրիստափոր Կոլումբոսի եւ Էրնան Կորտեսի հուշարձանները XV-XVI դարերում Ամերիկայի ժողովուրդների իսպանական նվաճմանը նրանց մասնակցության պատճառով, հայտնում է Universal պորտալը:
Այս մասին բարձրաձայնել է պատգամավոր Տերեսա Ռամոս Արեոլան:
«Այս երկու անձինք նվաճման առաջին պատճառն են եւ իրագործողը, որը նույնքան ձեռնտու էր Եվրոպային, որքան անմարդկային, կործանարար եւ ամայացնող հնդկացիական աշխարհի համար…Ուստի առաջարկվում է հանել բոլոր հուշարձանները եւ վերանվանել բոլոր փողոցները, պողոտաները եւ այլն, որոնք կրում են Քրիստափոր Կոլումբոսի եւ Էրնան Կորտեսի անունները»,- հայտարարել է պատգամավորը:
Կոլումբոսը առաջինը հայտնաբերեց Ամերիկան եւ ընդհանուր առմամբ դեպի նրա ափեր 4 նավագնացություն կատարեց: Կորտեսը հայտնի է որպես Մեքսիկան նվաճող: Արեոլայի խոսքով՝ նա պատասխանատու է 1521 թվականին ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանի գրոհի ժամանակ շուրջ 100 հազար բնակիչների մահվան համար:
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ էր ուղարկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին՝ պահանջելով ներողություն խնդրել Ամերիկայի բնիկ ժողովուրդներից սպանությունների համար, որ կատարվել են մայրացամաքը նվաճելիս: Ի պատասխան՝ Իսպանիայի իշխանությունները կոչ էին արել 500-ամյա վաղեմության իրադարձությունները չգնահատել արդիականության դիրքերից:




























