Մադրիդյան սկզբունքները խաղաղության չեն հանգեցնի, այլ կխորացնեն եւ կմոտեցնեն նոր պատերազմի սպառնալիքը։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Այս տեսակետը, ըստ նրա, ամրանում է նաեւ փորձագիտական հանրությունում։ «2016-ի ապրիլը դրա վառ օրինակն է։ Մադրիդյան սկզբունքները չեն կարող հակամարտության խաղաղ լուծման հիմք դառնալ, քանի որ ստեղծում են ավելորդ լարվածություն հակամարտող կողմերի միջեւ»,- պարզաբանել է Հակոբյանը։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանով են իրական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու գործընթաց սկսելու մասին, ինչպես նաեւ երկու երկրների հասարակություններում լարվածության թուլացման եւ հակակրանքի թուլացման միջոցառումները՝ հաշվի առնելով Ադրբեջանի սաստկացող ռազմաշունչ հռետորաբանությունը, հայ փորձագետը պատասխանել է, որ այդ տեխնոլոգիան վաղուց է կիրառվում, իսկ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում, ըստ էության, ոչ մի նոր բան չկա։ «Միշտ էլ ձեռնարկվել են փորձեր՝ կազմակերպելու հանդիպումներ եւ կողմերի միջեւ քննարկելու, հատկապես հասարակական կազմակերպությունների մակարդակով եւ, եթե կարելի է այսպես արտահայտվել, երկու երկրների հասարակությունների առավել կոսմոպոլիտ հատվածների մակարդակով։ Այլ հարց է, թե ինչ արդյունքների է դա հանգեցրել, չէ՞ որ դրա վրա քիչ ջանքեր ու միջոցներ չեն գործադրվել, քանի որ հանդիպումները տեղի են ունեցել երրորդ երկրների տարածքում»,- նշել է քաղաքագետը։
Նա նաեւ նշել է, որ բնակչությանը խաղաղության պատրաստելու խոսակցությունները որոշակի նյարդայնություն եւ լարվածություն են առաջացնում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական հասարակություններում, քանի որ նրանք դա ընկալում են փոքր-ինչ այլ կերպ։ «Մարդկանց թվում է, թե իրենց թիկունքում դավադրություն է նյութվում։ Ընդ որում՝ այդպես մտածում են ինչպես մեզ, այնպես էլ նրանց մոտ։ Նրանք համոզված են, որ նման խոսակցություններն, ըստ էության, հասարակությանը զիջումների յուրատեսակ պատրաստություն են։ Ուստի, նման հայտարարություններն ընկալվում են այդքան ցավագին։ Մեզ մոտ մտածում են, որ խոսքը տարածքային զիջումների մասին է, նրանց մոտ՝ Ղարաբաղի ինքնուրույնության փաստացի ճանաչման»,- ասել է փորձագետը։
Վիգեն Հակոբյանն ընդգծել է, որ երբ կոնկրետ համաձայնություններ չկան, այդ սկզբունքը չի կարող իրականացվել, հատկապես լրիվ չափով։ Նման պայմաններում, քաղաքագետի կարծիքով, անհնար է բնակչությանը պատրաստել խաղաղության։ «Քանի դեռ չկա հակամարտության քաղաքական լուծումը, ոչ մի համագործակցություն՝ լինի տնտեսական, թե հումանիտար, չի կարող նպաստել հակամարտության լուծմանը, քանի որ ցանկացած աննշան սրացում կարող է հանգեցնել հակառակ պրոցեսի եւ փոխադարձ անվստահության ուժեղացման»,- ամփոփել է քաղաքագետը։





























