Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը ապրիլի 3-ին կոռուպցիայի գործով դատարանի առջեւ է կանգնել, հաղորդում է AP-ն:

Գլխավոր դատախազի խոսքով՝ Ռազակը գրեթե 10 տարի բացարձակ իշխանություն ուներ: «Մեղադրյալն օրենքից վեր չէ եւ այս գործընթացը պետք է հետագայում այս  պաշտոնը բոլոր ստանձնողների համար նախադեպ դառնա»,-ասել է գլխավոր դատախազ Թոմի Թոմասը:

Քննության տվյալներով՝ երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նաջիբ Ռազակը ստեղծել է 1MDB հիմնադրամ, որից անձնական բանկային հաշիվներին ավելի քան 600 միլիոն եվրո է (պետական միջոցներից) փոխանցել: Ռազակը հերքում է բոլոր մեղադրանքները:

10 տարի առաջ Նաջիբը դարձել էր Մալայզիայի 6-րդ վարչապետը, սակայն հիմնադրամի շուրջ սկանդալի հետ կապված զայրույթն անցյալ տարվա մայիսի ընտրություններին նրա պարտությանն էր հանգեցրել:

Քննության համաձայն՝ 2009–2014 թվականներին Նաջիբի աշխատակիցների կողմից 1MDB-ից  ավելի քան 4.5 մլրդ դոլար է գողացվել:

Ապօրինի ստացված եկամուտները լվացվել են ԱՄՆ-ում եւ այլ երկրներում բանկային հաշիվների միջոցով՝ հոլիվուդյան ֆիլմերի ֆինանսավորման եւ հյուրանոցների, շքեղ զբոսանավերի, արվեստի գործերի, ոսկերչական իրերի գնման համար:

Նաջիբի ստեղծած հիմնադրամից մոտ 700 մլն դոլար, որոնք նախատեսված էին Մալայզիայի տնտեսական զարգացման համար, ենթադրաբար փոխանցվել են նրա սեփական բանկային հաշվին: