Շրի Լանկայում սկսվել է դահճի երկու թափուր տեղի համար 47 թեկնածուների հետ հարցազրույցները՝ հայտնում է AFP-ը։
Նախագահ Միտրիպալա Սիրիսենան փետրվարին հայտարարել էր, որ Շրի Լանկան կչեղարկի մահապատժի 43-ամյա արգելքը։
47 տղամարդ թեկնածուների հետ հարցազրույցներ կանցկացվեն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Սակայն հաջողակ թեկնածուները կարող են բախվել իրենց պարտականությունների կատարման հետաձգման հետ։
«Քանի որ Շրի Լանկայում չկա ոչ մի կենդանի մարդ, որը կարող է կիսել իր փորձը, մենք նորեկներին պետք է ուղարկենք արտասահմանում ուսանելու»,- ասել է AFP-ին մի պաշտոնյա, որը ցանկացել է անհայտ մնալ։
Միաժամանակ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, թե կախաղանի վերականգնումը չի վերացնի թմրանյութերի հետ կապված հանցագործությունները, եւ որ անմեղ մարդիկ կարող են մահապատժի ենթարկվել Շրի Լանկայում քրեական արդարադատության համակարգի թերությունների պատճառով։
Նախագահ Միտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ ոգեշնչված է Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պատերազմով եւ ձգտում է կրկնել իր գորրծընկեր Ռոդրիգո Դուտերտեի հաջողությունը։ Նա խոստացել է երկու տարվա ընթացքում վերջ դնել թմրանյութերի տարածմանը։
Մահապատժի վերականգնումը նրա հակաթմրանյութային քաղաքականության կենտրոնական բաղադրիչն է։




























