Ամերիկացի միլիարդատերերի կյանքի տեւողության աճը օգնում է նրանց ավելի շատ կապիտալ կենտրոնացնել իրենց ձեռքում, սակայն միաժամանակ նոր սպառնալքիներ է ստեղծում, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության կողմից հարցված փորձագետները նշում են, որ խոշոր բիզնեսի սեփականատերերը չեն շտապում կառավարման ղեկը փոխանցել ժառանգներին, ինչն ավելացնում է դատական հայցերի վտանգը եւ սպառնում է բիզնեսի զարգացման հեռանկարներին:

«Ստվերում լինելն այն չէ, ինչ ցանկանում են տարեց մարդիկ: Նրանց համար դա սարսափեցնող է», — ասում է Ջոն Դեւիսը՝ Cambridge Family Enterprise Group-ի հիմնադիրը, որը լիազորությունների փոխանցման հարցերով խորհրդատվական ծառայություններ է մատուցում  բիզնեսի սեփականատերերին:

Նրա խոսքով՝  նա որոշել էր ավելի շատ ուշադրություն դարձնել այդ ուղղությանը դեռ 15 տարի առաջ, երբ հասկացել էր, որ իր ծառայություններից օգտվող   ընտանեկան ընկերությունները ղեկավարում են միանգամից երեք սերունդներ:

 «Ավագ սերունդը դեռ այստեղ է, բայց այն դեռ ակտիվ է եւ ցանկանում է իր դերը խաղալ», — բացատրել է Դեւիսը:

2018-ի հոկտեմբերին UBS-ի եւ PwC-ի վերլուծաբանների հրապարակած զեկույցում նշվում է, որ Հյուսիսային Ամերիկայում միլրադատերերի միջին տարիքը այժմ մոտ 67 տարի է կազմում:

UBS-ի մեկ այլ զեկույցում նշվում է, որ աշխարհի  ամենահարուստ ներդրողների 53 տոկոսը պատրաստվում է մինչեւ 100 տարի ապրել: