Ավստրալիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որով բանտարկություն է նախատեսվում սոցցանցերի ղեկավարների համար, եթե նրանց հարթակներով հեռարձակվեն իրական բռնության տեսարաններ, փոխանցում է AP-ն:
Քննադատները նախազգուշացնում են, որ համանման օրենքները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այդ թվում՝ լրատվամիջոցների գրաքննություն եւ Ավստրալիայում ներդրումների կրճատում:
Ավստրալիայի կառավարությունը օրինագծեր էր մշակել ի պատասխան մարտի 15-ին Քրայսթչերչի ահաբեկչությունների: Մզկիթներում սպանդ կատարած հրաձիգը տեղի ունեցողը ուղիղ եթերում հեռարձակել էր Facebook-ում: «Մենք պետք է միասին գործենք, որպեսզի երաշխավորենք, որ հանցագործները եւ նրանց հանցակիցները չկարողանան առցանց հարթակներն օգտագործել իրենց բռնության քարոզումը տարածելու նպատակով. այդ հարթակները չպետք է չարի գործիք լինեն»,- խորհրդարանում օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Քրիսթիան Փորթերը:
Ըստ օրինագծի՝ այն դեպքում, եթե սոցցանցը չկարողանա արագ հեռացնել կոնտենտը, որը պարունակում է «նողկալի բռնության նյութեր», կհամարվի հանցագործություն, որը կպատժվի 3 տարվա բանտարկությամբ եւ 10,5 մլն ավստրալական դոլար (7,5 մլն դոլար) կամ սոցցանցի տարեկան շրջանառության 10 տոկոսի տուգանքով: Նողկալի բռնության նյութեր են համարվում ահաբեկչական հարձակումները, սպանությունները, խոշտանգումները, բռնաբարությունները եւ մարդկանց առեւանգումները:
Աշխարհի ցանկացած կետում հարթակները կտուգանվեն մինչեւ 840 000 ավստրալական դոլարով, եթե Ավստրալիայի դաշնային ոստիկանությանը չիրազեկեն Ավստրալիայում տեղի ունեցող «նողկալի բռնության նյութերի» հեռարձակման մասին:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի մզկիթներում կատարված սպանդի հետեւանքով մահացել էր 50 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել: Ավստրալիայի քաղաքացի հրաձիգը ուղիղ եթերում հեռարձակում էր կատարել Facebook սոցցանցում:




























