Դաշնակցությունը նախագահի հրաժարականը չի պահանջում երկրում էլ ավելի անկայուն իրավիճակ չստեղծելու, երկիրը ցնցումների չբերելու համար։ Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ Հեղափախական Դաշնակցության խմբակցության անդամ, պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը։ Նրա համոզմամբ, սակայն, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը, ի տարբերություն նախագահի, ցնցումներ չի առաջացնի եւ արտաքին քաղաքականության մեջ կբերի բավականին լուրջ փոփոխությունների։

«Ժառանգության» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այլ կարծիքին է։ Նա նկատեց, որ Դաշնակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը, որովհետեւ սատարել է եւ շարունակում է սատարել Սերժ Սարգսյանին։

«Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելը Դաշնակցության կողմից նշանակում է պահանջատեր չլինել եւ վերջնական խոսք չասել»,- ասում է Փոստանջյանը։

Վերջինս նաեւ ցավ հայտնեց, որ Դաշնակցությունը միայն հիմա է կտրուկ գործողությունների դիմում եւ ոչ թե 10 տարի առաջ, քանի որ այս ամենի հիմքերը դեռեւս դրվել է այն ժամանակ։

Իսկ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանն էլ նշեց, որ իրենք, այն ժամանակ իշխանության մեջ լինելով, փորձել են կանխել այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք Հայաստանին լուրջ փաստերի առաջ էին կանգնեցնելու։