NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։ NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային Միության հերոս Ղազար Սերգեյի Չապչախովը ծնվել է 1914 թվականի մարտի 6-ին Ռոստովի մարզի (Ռուսաստան) Մյասնիկյան շրջանի Մեծ Սալեր գյուղում։
Գումարտակի կոմիսար էր, Հյուսիսարեւմտյան ռազմաճակատի ՌՕՈւ 38-րդ առանձին կործանիչ ավիագնդի էսկադրիլիայի զինվորական կոմիսար։ 1942 թվականի ապրիլի 5-ից՝ 416-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար։ 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1942 թվականի ապրիլի 5-ը Լենինգրադի մատույցներում կատարել է 268 մարտական թռիչք, 59 օդային մարտում անձամբ խփել է հակառակորդի 8, իսկ խմբի կազմում՝ 19 ինքնաթիռ։
Զոհվել է 1942 թվականի ապրիլի 13-ին մարտական առաջադրանքը կատարելիս, Նովգորոդի մարզի Կրեստցի օդանավակայանում։ Թաղված է Կրեստցի գյուղում։
Հետմահու արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման։





























