NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։ NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Իսայու Սարկիսովը ծնվել է Կարսի մարզի Խաս Չիֆթլիկ գյուղում (Արեւմտյան Հայաստան): Փրկվելով թուրքական կոտորածից՝ նրա ընտանիքը ապաստան է գտել Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի Կրասնոկոպսկայա գյուղում:
Գվարդիայի լեյտենանտ, Ուկրաինական 4-րդ ռազմաճակատի 51-րդ բանակի 126-րդ հրաձգային դիվիզիայի, 366-րդ հրաձգային գնդի գումարտակի կուսակցական կազմակերպիչ: Աչքի է ընկել Մելիտոպոլ քաղաքի ազատագրման մարտերի ժամանակ:
1943 թվականի հոկտեմբերի 22-ին մարտիկների խմբի գլխավորությամբ ներխուժել է Մելիտոպոլի երկաթուղային կայարան, ինչով ապահովել է գումարտակի կողմից նրա գրավումը:
Զոհվել է 1944 թվականի հոկտեմբերի 8-ին Ուպին գյուղի (Լիտվա) ազատագրման ժամանակ: Թաղված է Լիտվայի Տաուրագի շրջանի Սկաուդվիլե քաղաքում:
Հետմահու արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման:





























