Կյանքի ավարտին աստղերի մեծամասնությունը կազմակերպում է սեփական թաղման արարողությունը՝ դուրս նետելով մնացած վառելիքի մեծ մասը եւ թողնելով խիտ միջուկը: Մասնագետներն անվանում են այդօրինակ լուսատուներին սպիտակ թզուկներ: Համաձայն ժամանակակից աստղագետների՝ մոլորակները չեն վերապրում աստղերի այդպիսի հոգեվարքը:
Սակայն վերջերս աստղագետները հայտնաբերել էին սպիտակ թզուկի հետ մոլորակի ենթադրյալ մասնիկը, որը, հավանաբար, կարողացել էր վերապրել ապոկալիպսիսը, քանի որ դրա միջուկը բաղկացած էր ծանր մետաղներից:
Ուորիքսի համալսարանից Քրիստոֆեր Մանսերի գլխավորությամբ գիտնականների խումբը հայտնել էր ուշագրավ բացահայտման մասին հոդվածում, որը հրապարակվել էր Science պարբերականում, հաղորդում է Վեստի-ն:
Մեր մոլորակից շուրջ 410 լուսային տարի հեռավորության վրա գտնվող SDSS J1228+1040 սպիտակ թզուկին ուսումնասիրելու ընթացքում գիտնականները հայտնաբերել էին բեկորների շրջանում օբյեկտ, որը շատ նման էր մոլորակի մասնիկին:
Գիտնականները հետեւում էին սպիտակ թզուկին մեծ աստղադիտակի միջոցով 2017 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 5 գիշերների ընթացքում:
Աստղագետներն ուսումնասիրել էին բեկորն ու եզրահանգել, որ դրանք առաջացել էին երկաթ, մագնեզիում, սիլիցիում եւ թթվածին պարունակող մոլորակների բախման հետեւանքով:
Համաձայն գիտնականների տվյալների՝ նախկին մոլորակի բեկորի տրամագիծը պետք է չգերազանցի մեկ կիլոմետրը, սակայն կարող է հասնել հարյուրավոր կիլոմետրերի: Այսինքն՝ չափերով այն կարող է համապատասխանել Արեւային համակարգի ամենամեծ աստերոիդներին:
Նշվում է, որ առաջին անգամ մասնագետները հայտնաբերել էին սպիտակ թզուկի բեկորը 15 տարի առաջ: Այժմ հայտնի է, որ դա տարածված երեւույթ է: Երբ ութ արեւային մասսայից պակաս զանգվածով աստղը սպառում է իր ջրածնային վառելիքը, այն դուրս է նետում իր արտաքին շերտերը՝ ընդ որում կլանելով մոտակայքում գտնվող բոլոր մոլորակները:




























