Աֆղանստանի ԱԳՆ-ը կրկին կանչել է Պակիստանի դեսպանին բացատրություն տալու վարչապետ Իմրան Խանի վերջին մեկնաբանությունների առնչությամբ Աֆղանստանում խաղաղ բանակցությունների մասին երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրացման ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Աֆղանստանի արտգործնախարարությունը կանչել էր դիվանագետին, քանի որ Խանի մեկնաբանությունները նրանք համարում են որպես միջամտություն Աֆղանստանի գործերին, հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբգաթուլա Ահմադին թվիթերյան իր էջում:
Վեց ամսվա ընթացքում չորրորդ անգամ Քաբուլը պահանջում է Իսլամաբադից բացատրություններ Աֆղանստանում 17-ամյա պատերազմի դադարեցմանն ուղղված խաղաղ բանակցությունների շուրջ մեկնաբանությունների վերաբերյալ:
Մարտի վերջում Աֆղանստանը հետ էր կանչել Իսլամաբադից իր դեսպանին Խանի այն հայտարարության պատճառով, որ ժամանակավոր աֆղանական կառավարության ձեւավորումը կարող է նպաստել ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերի եւ թալիբների միջեւ բանակցություններին: Դեսպանը վերադարձել էր, երբ Պակիստանը պարզաբանել էր Խանի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք կոնտեքստից դուրս են:
Սակայն ուրբաթ Խանը կրկին անդրադարձել էր այդ հարցին Պակիստանում հանրահավաքի ժամանակ, երբ նա իր մեկնաբանություններն անվանել էր «եղբայրական խորհուրդ»:
«Աֆղանստանում Իմրան Խանի վերջին հայտարարությունները համարում են որպես միջամտություն Աֆղանստանի ներքին գործերին եւ գտնում են, որ վարչապետն այդ մեկնաբանություններով վերադառնում է իր նախկին դիրքորոշմանը»,-գրել է Ահմադին:
ԱՄՆ-ի եւ թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն անցկացնրել են բանակցությունների մի քանի փուլեր, սակայն թալիբները հրաժարվում են աֆղանական կառավարության հետ ուղիղ երկխոսությունից, քանի որ համարում են, որ այդ կառավարությունն անօրինական է:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի մանդատը պաշտոնապես սպառվում է մայիսին: Հաջորդ նախագահական ընտրությունների օրը հետաձգվել էր երկու անգամ եւ այժմ նշանակվել է սեպտեմբերի 28-ին:





























