Ռուանդայում ապրիլի 7-ին կմեկնարկի 1994 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: 25 տարի առաջ Ռուանդայում 100 օրվա ընթացքում սպանվել էր ավելի քան 800 հազար թութսի:

Արարողությունը նշանավորելու է զոհերի պատվին միջոցառումների շաբաթի սկիզբը: Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն ծաղկեպսակ կդնի Գիսոզիում Ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ թաղված է ավելի քան 250 հազար մարդ:

Ակնկալվում է առնվազն 10 երկրների ղեկավարների մասնակցությունը, լրագրողներին հայտնել է նախագահի վարչակազմի ղեկավար Ստեֆանի Նյոմբայերը

100 սարսափելի օրերը սկսվել էին 1994 թվականի ապրիլի 6-ին, երբ ոչնչացվել էր ինքնաթիռը, որում գտնվել էին Ռուանդայի եւ Բուրունլիի նախագահներ Յուվենալ Հաբիարիմանն ու Քիփրիան Նթարյամիրան՝ երկուսն էլ հուտուներ: Հարձակումը մոբիլիզացրել էր հուտու կառավարական զորքերին եւ ծայրահեղական ոստիկաններին, որոնք կազմակերպել էին թութսի փոքրամասնությունների ցեղասպանությունը:

Երկրի քաղաքներում եւ գյուղերում թութսի տղամարդկանց, կանանց, երեխաներին ու տարեցներին հրկիզում էին, մինչեւ մահ ծեծում, մասնատում եւ կրակում: Օրական զոհվում էր մինչեւ 10 000 մարդ. որոշ փորձագետների տվյալներով՝  այդ ընթացքում Ռուանդայում  յուրաքանչյուր ժամ սպանվում էր 72 մարդ: Թութսի փոքրամասնության 70 տոկոսը ոչնչացվել էր, իսկ դա Ռուանդայի ամբողջ բնակչության ավելի քան 10 տոկոսն էր:

Կոտորածին վերջ էր տրվել 1994 թվականի հուլիսին, երբ Ռուանդայի հայրենասիրական ճակատի ապստամբների շարժումը Կագամեի գլխավորությամբ սկսել էր վերահսկել երկիրը:

Ներկայիս պաշտոնական քաղաքականությունն ուղղված է էթնիկ պատկանելության մասին բոլոր խոսակցությունները հնարավորինս կանխելու: