«Այս ամպոտ կյանքը նաեւ սիրո պակասի արդյունք է, ուստի սեր եմ մաղթում, սեր` քրիստոնեական լայն իմաստով»,-ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալաստյանի մաղթանքն է մարի 8-ի կապակցությամբ: Պատգամավորի մաղթանքի հասցեատերերը ամենքն են, առանց սեռական ու տարիքային սահմանափակման:

Լիլիթ Գալստյանը մաղթեց, որ այսօր Երեւանում կուտակված փութորկահույզ, մոխրագույն ամպերը ցրվեն եւ տարվա այս եւ մնացած բոլոր օրերը լինեն պայծառ, գարնանային եւ կյանքի նոր լիցք պարունակող:

Կանանց, կապ չունի, թե որ բնագավառում են նրանք գործում, Լիլիթ Գալստյանը կրկին նույն մաղթանքը հղեց` սիրել եւ լինել սիրված: «Մարդկային ամբողջականությունը ներքին հաշտության ու ներդաշնակության մեջ է, իսկ ներդաշնակությունը քրիստոնեական սերն է: Մաղթում եմ, որ քաղաքական եւ հասարակական գործունեություն իրականացնող կանայք համատեղեն մարդկային իրացումն ու անձնական երջանկությունը»,-ասաց Գալստյանը: «Մարտի 8-ի ամենասպասված ու հաճելի մաղթանքը «ես քեզ սիրում եմ»-խոսքերն են: Նույնիսկ եթե օրվա մեջ մի քանի անգամ լսում ես դա, միեւնույն է, հաճելի է: Երբ այդ մաղթանքը լսում ես, ամենասովորական օրը դառնում է տոն»,-ասաց պատգամավորը:

Լիլիթ Գալստյանը մարտի 8-ի առթիվ շատ նվերներ է ստացել, բայց իր կյանքի ամանահիշարժան նվերը Օմարից բերված կապույտ ծաղիկներն են եղել: «Ճիշտ մարտի 8-ին չեմ ստացել, քանի որ մինչեւ այդ ծաղիկներն ինձ հասան, արդեն ապրիլն էր: Սիրելի մարդուց ստացած նվեր էր դա, Օմարի լեռնաշղթայից պոկված կապույտ մի երազ: Ազատամարտի բոլոր օրերին այդ ծաղիկը նա պահել էր ծոցագրպանում ու Երեւան հասնելուն պես ինձ նվիրեց: Այդ պահի մեջ կար ամեն ինչ`  սեր, վերադարձ, հայրենիք»,-ասաց պատգամավորը: