Դանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող զույգերը կարող են բաժանվել միայն հատուկ առցանց դասընթաց անցնելուց հետո: Այս դասընթացը նվիրված է ընտանեկան հարաբերություններին ամուսնալուծվելուց հետո, փոխանցում է «Եվրապուլսը»:
Դասընթացի 17 մոդուլները ծնողներին ներկայացնում են, թե ինչպես ճանաչեն երեխաների զգացումները, եթե նրանք ներփակվում են, ինչպես խոսել երեխաների հետ, եթե նրանք վշտացած են, ինչպես նաեւ սովորեցնում են հասկանալ սեփական զգացումները:
Հիմա Դանիայում ամուսնությունների 46 տոկոսն ավարտվում է ապահարզանով: Ամուսնալուծվելու դիմում ներկայացնելուց հետո ամուսինները 3 ամիս «փորձաշրջան» են անցնում: Այժմ դիմում ներկայացնելուց հետո նրանցից յուրաքանչյուրը ստանում է առցանց դասընթացի անհատականցված հղում: Եթե այս 3 ամսում ամուսիններից մեկը այն չանցնի, նրանց չեն բաժանում:
2015-2018 թվականներին այս դասընթացը կարելի էր անցնել ըստ ցանկության: Դասընթացի հեղինակների՝ Կոպենհագենի համալսարանի հոգեբանների եզրակացությամբ արդյունքում դասընթացն ավարտածների 85 տոկոսը ավելի լավ է հաղթահարել սթրեսը եւ ավելի առողջ հարաբերություններ կառուցել երեխաների հետ:
Statistics Denmark ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ Շվեդիայում ամուսնալուծությունից հետո երեխաներն ավելի հաճախ են ապրում ոչ թե մշտապես մեկ ծնողի հետ, այլ հերթով՝ մերթ մոր, մերթ հոր հետ. 2009 թվականից այսպիսի երեխաների բաժինը 9 տոկոսից աճել է մինչեւ 30 տոկոս: Տարածված կարծիքի համաձայն՝ այսպիսի երեխաներն ավելի հեշտ են վերապրում ծնողների ամուսնալուծությունը եւ ավելի լավ են պահպանում հարաբերությունների երկուսի հետ էլ:




























