Ավստրալացի էկոլոգները մայրցամաքի հյուսիսում գորշ դայակ-շնաձկների մեկուսացված մեծ խումբ են հայտնաբերել, որի մասին մինչ այդ հայտնի չէր։ Գիտնականները հույս ունեն, որ նոր պոպուլյացիան կօգնի վերականգնել ավստրալական դայակ-շնաձկների թվաքանակը, որոնք ապրում են մայրցամաքի արեւելյան եւ արեւմտյան ափերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պատմում է ABC հեռուստաընկերությունը, գորշ գիշատիչների նոր խումբը հայտնաբերվել է միանգամայն պատահաբար. նրանց տեսել են ստորջրյա գազային հարթակի շինարարները, որը կառուցվում է Թիվի արշիպելագի ափերին, Ավստրալիայի հյուսիսում։ Որոշ ժամանակ անց էկոլոգները հաստատեցին. մայրցամաքի հյուսիսային ափին իսկապես ապրում է դայակ-շնաձկների բավական մեծ խումբ, որի մասին մինչ այս գիտնականներին հայտնի չէր։ Այժմ հետազոտողները համոզված են, որ  այս մեկուսացված պոպուլյացիան կարող է դառնալ իսկական փրկություն անհետացող երկու տեսակ շնաձկների համար, որոնք ապրում են մայրցամաքի արեւելյան եւ արեւմտյան ափերին։

«Այժմ արեւելյան ափին ընդամենը 400 կենդանի է մնացել, նրանք անհետացման եզրին են, եւ Թիվիի մոտ գտնված շնաձկները կարող են օգնել վերականգնել այդ անհետացող պոպուլյացիայի թվաքանակը։ Սա շատ կարեւոր եւ հազվադեպ հայտնագործություն է»,- ասել է Ծովային միջավայրի պահպանության ընկերության աշխատակից Ջեյսոն Ֆաուլերը։

Մակքուորիի կենսաբանության համալսարանի ամբիոնի պրոֆեսոր Ադամ Սթոուն երկար տարիներ ուսումնասիրում է դայակ-շնաձկներին։ «Վերջին 20 տարիներին նրանց ավստրալական պոպուլյացիան կրճատվել է, եւ բազմացող առանձնյակների թիվը երկյուղներ է առաջացնում, որ մենք չենք կարողանա պահպանել գենետիկ բազմազանությունը, որն անհրաժեշտ է տեսակի պահպանման համար։ Դա այս նոր խմբի հայտնագործությունը շատ նշանակալի է դարձնում»,- պարզաբանում է գիտնականը։

Գիտնականների խոսքով՝ դայակ-շնաձկները լավ վիճակում են, բայց նրանց պոպուլյացիան, միեւնույն է, մնում է շատ խոցելի։ «Ընդամենը մի քանի շնաձուկ տարեկան կարող են արմատապես փոխել վիճակը, դա է հաստատում նրանց զարգացման համակարգչային մոդելավորումը, որը մենք իրականացրել ենք»,- ասում է դոկտոր Սթոուն։ Նա համոզված է, որ նոր խումբը հյուսիսում կյանք կներշնչի անհետացող պոպուլյացիային, գլխավորն այն է, որ խելամիտ եւ զգույշ կառավարում իրականացվի։

Դայակ-շնաձկները լայնորեն տարածված են մերձարեւադարձների ծանծաղ ջրերում։ Ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը բեղավոր դայակ-շնաձուկն է, որը կարող է հասնել 4,3 մետր երկարության, իսկ ամենափոքրը՝ 75 սանտիմետրի։ Դանդաղաշարժ եւ հանգիստ դայակ-շնաձկները գիշերային կյանք են վարում՝ ապրելով հատակի մոտ եւ որսալով փոքր ձկներ, կակղամորթեր եւ խեցգետնակերպեր։ Մարդկանց վրա հարձակվում են միայն այն ժամանակ, երբ իրենց կյանքին ուղղակի սպառնալիք են զգում։