Չինական Նանկին քաղաքում սանիտարական ընկերությունը հավաքարարներին պարտավորեցրել է GPS-ով «խելացի» ապարանջաններ կրել՝ հայտնում է Esquire-ը։

Նրանք հետեւում են աշխատակիցների տեղաշարժին՝ թե երբ են նրանք գալիս աշխատանքի եւ գնում, ինչպես նաեւ վերահսկում են հանգստի ժամանակը։ Եթե աշխատակցի մարմինը 20 րոպե չի շարժվում, ապարանջանը նրան «շարունակիր աշխատել» ազդանշան է ուղարկում։ Եթե նա չի արձագանքում, ապա գործատուն կարող է գեոլոկացիայի միջոցով հետեւել հավաքարարին եւ պարզել, թե ինչու նա չի աշխատում։

Չինաստանում ծայրահեղ բացասաբար են արձագանքել այս նախաձեռնությանը։ Ոմանք ապարանջանները անվանել են «աշխատավոր ժողովրդի շղթաներ», մյուսները հայտարարել են, որ հետեւել պետք է հանցագործներին, ոչ թե աշխատավորներին։

Հավաքարարներն իրենք էլ դժգոհ են մնացել նորամուծությունից։ Նրանք տեղական հեռուստաալիքին բողոքել են, որ երբեմն ամեն ինչ մաքուր է, հավաքելու բան չկա, սակայն ապարանջանը ստիպում է շարժվել։

Հաղորդման հեռարձակումից հետո ընկերությունը հայտարարել է, որ կանջատի շարժումների վերահսկողության գործառույթը, սակայն ապարանջաններից լիովին չի հրաժարվի, քանի որ դրանք բարելավել են փողոցների մաքրման որակը եւ նվազեցրել հավաքարարների աշխատանքը վերահսկելու ծախսերը։