Ֆրանսիայում դատարանի առջեւ է կանգնել Բրետանիի բնակչուհին, որի մեղքով սպանել եւ կտրատել են այն խոզին, որ թողել էին իր մոտ, որպես ընտանի կենդանի՝ հայտնում է The Local-ը։

Երկամսյա Բեյբ անունով խոզուկին փրկել էին տեղացի կենդանապաշտպանները։ Հաջորդ երկու տարիներին նա անցկացրել էր անտուն կենդանիների կացարանում, որի տեղափոխումից հետո որոշել էին նրա համար նոր տեր գտնել։ Հարեւանությամբ ապրող 40-ամյա կինը համաձայնել էր վերցնել Բեյբին եւ նույնիսկ պայմանագիր էր կնքել, որն արգելում էր սպանել կենդանուն հանուն մսի։

Երբ նոր տիրուհին ձանձրացել է կենդանուն խնամելուց, նա դիմել է նախկին ամուսնուն։ Վերջինս մսագործ է բերել, որը կրակել է խոզի վրա եւ մասերի բաժանել նրան։ Ավելի ուշ ոստիկանությունը կնոջ բնակարանում 110 կգ պահածոյացված միս եւ պաշտետ է հայտնաբերել՝ հավանաբար Բեյբից պատրաստված։

Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել վստահությունը չարաշահելու եւ սպանդանոցից դուրս կենդանուն մորթելու համար։ Նրան դատապարտել են երեք ամսվա ազատազրկման եւ 500 եվրոյի տուգանք են նշանակել։