Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ոչ միայն ասել է, որ կավելացնի գրոհային ուժերը,  այլեւ արդեն այդ փուլում ենք, այդ թվում սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը որակել է որպես ագրեսիա, Գաբրիել Բալայանն ասաց. «Նախարարի հայտարարությունը որպես ագրեսիա ընկալելը անմտություն է: Միգուցե մեր հակառակորդները պարզապես չեն խորանում մեր նախարարի հայտարարության իմաստի մեջ: Կտրտված ձեւով են մեկնաբանում: ՀՀ վարչապետը եւս ասաց, որ կարող ենք նաեւ պարտադրել այդ խաղաղությունը: ՀՀ կառավարության ծրագրում ամեն ինչ հնարավորինս հստակ գրված է»:

Նրա խոսքով, խաղաղությունը որեւէ մեկը նվեր չի տվել Հայաստանին: «Այդ խաղաղությունը, հարաբերական անդորրը պարտադրված է հակառակորդին: Եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն: Իսկ խաղաղություն պարտադրելու միջոցները տարբեր են: Կան եւ ռազմական միջոցներ, եւ դիվանագիտական եւ անձնական շփումների միջոցով»: