Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 10-ին նշվում է հերթական ընտանեկան տոնը՝ Եղբայրների եւ քույրերի օրը (Siblings Day): ԱՄՆ-ում այն կոչվում է Եղբայրների եւ քույրերի ազգային օր (National Siblings Day): Այն կոչված է շարունակելու ընտանեկան եւ ազգակցական կապերի մեծարման ավանդույթը, ամրապնդելու մերձավոր մարդկանց հարաբերությունները, ինչպիսին են եղբայրներն ու քույրերը, փոխանցում է Calend-ը:
Ավանդույթն ինքնին գոյություն է ունեցել շատ ժողովուրդների մոտ: Օրինակ՝ Հնդկաստանում այսօր էլ կա համապատասխան ազգային տոն՝ Ռաքշա-բանդհան, որը նշվում է ամռան երկրորդ կեսին եւ ուղեկցվում է ծիսակատարություններով: Այս ազգային տոնը ընտանեկան արժեքների պահապանն է եւ կոչված է մշտապես հիշեցնելու փոխադարձ սիրո եւ փոխօգնության անհրաժեշտության մասին:
Իսկ այսօրվա տոնի հայտնվելը կապված է մեկ այլ երկրի հետ եւ իր պատմությունն ունի, բայց ինչպես Հնդկաստանում, նույնպես ուղղված է եղբայրներին եւ քույրերին հիշեցնելուն այն մասին, որ իրենք այս աշխարհում ամենամերձավոր մարդիկ են: Եղբայրների եւ քույրերի օրը ապրիլի 10-ին նշելու ավանդույթը ծագել է ԱՄՆ-ում: Նոր տոնի հիմնադրման գաղափարական ոգեշնչողը Կլաուդիա Էվարթն է: Նա դեռեւս մանուկ տարիքում կորցրել է հարազատ եղբորն ու քրոջը եւ այս կորուստը ծանր է տարել: Կլաուդիան որոշել է նրանց հիշատակին նվիրված տոնի անցկացում կազմակերպել՝ որպես օր ընտրելով քրոջ ծննդյան օրը՝ ապրիլի 10-ը:
Առաջին անգամ 1998 թվականին անցկացված տոնը արագ հանրաճանաչություն է ձեռք բերել նախ ԱՄՆ-ում, այնուհետեւ տարածվել է նաեւ այլ երկրներում եւ արդեն ավանդույթներով է ուղեկցվում: Այսպես՝ այս օրը ընդունված է նվերներ տալ եղբորը կամ քրոջը, շնորհավորել հեռախոսով, հանդիպել սրճարանում կամ ամբողջ ընտանիքով՝ միմյանց ջերմություն եւ ուրախություն պարգեւելով:




























