Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 04:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի եւ Տաշիր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի եւ Տաշիր փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ս.Ղ.) եւ «Opel Astra» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները (Կ.Ս., ծնված 1980 թ. եւ Ա.Գ., ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: