Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան շենքի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի ծառին, իսկ «Nissan Tiida» եւ «Toyota Yaris» մակնիշների ավտոմեքենաները՝ միմյանց:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը (Դ.Ա., ծնված 1986 թ.) եւ ուղեւորը (Ա.Թ., ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Ա.Թ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» եւ «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները եւ փակել վերջինիս գազի բալոնի փականը:



























