Վահանակներ ստացվել են, սկսվել են ավտոմեքենաների համարանիշերի տպագրման աշխատանքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:

Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար:

Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորագավիթի մաքսատուն այցելության ժամանակ քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով դժգոհեց, որ ոստիկանությանը համարանիշ չի տրամադրում՝ ասելով, որ թիթեղ չկա: Հենց տեղում վարչապետը զանգահարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, վերջինս էլ նշել էր, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից, Հայաստանում թիթեղ չկա, որովհետեւ  նախատեսվածից ավել մեքենա է ներկրվել:

«Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, էս ի՞նչ պատմություն է». Փաշինյանը բոլորի մոտ զանգեց ոստիկանապետին