Երկու բեռնափոխադրողներ Լեհաստանից փորձել են իրաքցի միգրանտին դագաղում անցկացնել Լա Մանշի տակով, ինչի համար դատապարտվել են 14 ամսվա բանտարկության, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով RTL-ին։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի սկզբին։ Թունել մտնելուց առաջ ստուգման ժամանակ պարզվել է, որ Լեհաստանում գրանցված մեքենան լի է դագաղներով։ Մեքենայի երկու վարորդների խոսքով՝ դատարկ դագաղները նախատեսված են եղել Լոնդոնում թաղման ծիսակարգ կատարող գործակալության համար։

Բայց հակառակ վարորդների հայտարարությունների՝ դագաղներից մեկում իրավապահները հայտնաբերել են մի մարդու։ «Նա պառկած էր հանգուցյալի նման, ձեռքերը խաչած։ Միայն թե միանգամայն ողջ էր, վեր կացավ ու սկսեց խոսել»,- տեղեկացնում է ռադիոկայանը։

Պարզվել է, որ տղամարդը վճարել է բեռնափոխադրողներին, որպեսզի նրանք օգնեն իրեն հասնել Մեծ Բրիտանիա։

Անհաջող փոխադրման հետեւանքով երկու վարորդները Ֆրանսիայում դատապարտվել են 14 ամսվա բանտարկության։ Այսպիսի խիստ պատիժ ստացել են այն պատճառով, որ դատախազը դագաղի օգտագործումը համարել է «անարժան եւ նսեմացնող»։

Միգրանտները պարբերաբար նման հուսահատ փորձեր են ձեռնարկում՝ հասնելու Միացյալ Թագավորություն, այդ թվում նավակներով, թաքնվելով բեռնատարների թափքերում եւ անգամ ինքնաթիռների բեռնախցիկներում։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ 2018-ին գրանցվել է Լա Մանշն ապօրինի հատելու 71 փորձ (2017-ին՝ 12)։ Ընդհանուր առմամբ, 504 միգրանտ պատրաստվել է հատել նեղուցը 2018-ին, նրանցից 276-ը հասել է Մեծ Բրիտանիա, 228-ը՝ կալանվել ֆրանսիական իշխանությունների կողմից։