ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արեւելյան գործընկերության Տրանսպորտային հարցերով պանելի հերթական` 16-րդ նիստին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացուցչական այս միջոցառմանը ներկա են Եվրոպական հանձնաժողովի, Արեւելյան գործընկերության երկրների, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտային քաղաքականություն մշակող մասնագետներ, ներդրողներ։
Քննարկվող հարցերը ներառում են Արեւելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը, ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը (TEN-T), դրա զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, ներդրումային գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ հունիսի 6-ին Լյուքսեմբուրգում կայանալիք Արեւելյան գործընկերության Տրանսպորտային հարցերով նախարարական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման շրջանակներում Արեւելյան գործընկերության երկրները կներկայացնեն տրանսպորտային քաղաքականության բնագավառում իրենց երկրներում կատարված բարեփոխումները, կքննարկվեն նաեւ ճանապարհային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։



























