ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ եւս: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի՝ 29-ամյա բնակչին:
Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, դիմակավորված, «Մակարով» տեսակի 4,5մմ տրամաչափի՝ իր անվամբ հաշվառված օդաճնշիչ ատրճանակով, նռնականման կրակայրիչով, էլեկտրաշոկով եւ արցունքաբեր գազ արձակող սարքով զինված, մուտք է գործել Երեւան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ եւ հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել դրամարկղում առկա գումարը։ Աշխատակիցը, սպառնալիքներն իրական ընդունելով եւ սրահում գտնվողների կյանքի եւ առողջության համար իրական վտանգ զգալով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին է տվել դրամարկղում առկա առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 6 341 000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսեւորումներ եւս:
Մասնավորապես՝ պարզվել է, որ 29-ամյա տղամարդը, 2015 թվականից մինչեւ 2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով ՍՊ ընկերությունում, սրճեփ սարքեր վարաձակալությամբ վերցնելու վերաբերյալ պայմանագրեր է կնքել հիշյալ ՍՊ ընկերության տնօրենի հետ, վաճառել դրանք, իսկ ստացված գումարը՝ յուրացրել:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը թվով 7 տարբեր տեսակների սրճեփ եւ 1 քաղցրավենիք եւ խմիչք տրամադրող սարքերը առանց ՍՊ ընկերության տնօրենի գիտության վաճառել է տարբեր անձանց՝ այդկերպ յուրացնելով ՍՊ ընկերրությանը պատկանող, վարձակալության պայմանագրերով իրեն վստահված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 13 940 000 ՀՀ դրամ արժողությամբ ուրիշի գույք:
Բացի այդ, 29-ամյա տղամարդը, ՍՊ ընկերության տնօրենի անունից, վերջինիս փոխարեն եւ առանց նրա գիտության, կազմել է իրավունք վերապահող, սրճեփ սարք վաճառելու վերաբերյալ ակնհայտ կեղծ առքուվաճառքի պայմանագիր՝ իր ձեռագրով կատարելով գրառումներ, այն կնքելով հիշյալ ՍՊԸ-ի պահեստապետի կնիքով եւ ստորագրելով ՍՊԸ-ի տնօրենի փոխարեն:
Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում յուրացման եղանակով հափշտակված սարքերից 6-ը հայտնաբերվել են:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 29-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:



























