Կռիլատսկոե եւ Ֆիլի-Դավիդկովո շրջանների վարչության 57-ամյա նախկին աշխատակցուհի Կարինա Վարդանովայի սպանության կասկածյալը պարզվել է, որ նախկինում սքինհեդ լինելով դատապարտված է եղել խուլիգանության համար, հաղորդում  է crimerussia.com-ը՝ վկայակոչելով Telegram-ի Mash ալիքին:

55-ամյա Ալեքսանդր Գոլովանովին ձերբակալել են Վարդանովայի սպանությունից երկու օր անց՝ Կուտուզովի պողոտայում  ծագումով Տաջիկստանից տղամարդու վրա հարձակվելուց հետո:

Հաղորդվում է, որ Գոլովանովը մի քանի անգամ տղամարդուն հարվածել է դանակով, այդ թվում սրտին: Տուժածին ծանր վիճակում հոսպիտալացրել են:

Mash-ը նշում է, որ Գոլովանովը իր հարձակումներով ցանկանում էր «մաքրել քաղաքը»:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հաղորդում է, որ տղամարդը կարող է հոգեկան խանգարում ունենալ: Ոստիկանությունը որոնում է նրա երկու հնարավոր զոհերին:

Կարինա Վարդանովայի վրա հարձակումը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին եւ տեսախցիկը ֆիքսել էր այն: Մարդասպանը դանակով հարվածել էր կնոջ մեջքին, իսկ հետո շրջել նրան եւ ենթադրաբար հարվածել սրտին:

Հարձակվողը բժշկական դիմակով էր, ինչը ստիպել է ենթադրել, որ սպանությունը կարող է կապված լինել մահացածի գործունեության հետ: Վերջին շրջանում Վարդանովան գլխավորում էր «Դետսկի պալլիատիվ» բարեգործական հիմնադրամը: