American Media ընկերությունը վաճառում է National Enquirer տաբլոիդը, որին Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը մեղադրում է շանտաժի եւ շորթման մեջ: Այս մասին չորեքշաբթի հրապարակված հաղորդագրությամբ տեղեկացրել է American Media-ի գլխավոր տնօրեն եւ National Enquirer-ի գլխավոր խմբագիր Դեւիդ Փեքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունը «կենտրոնացած է հայտնիներին, դեռահասներին եւ ակտիվ կենսակերպին նվիրված հանրահայտ ապրանքանիշների միջեւ լավագույն հաշվեկշռի ընտրության վրա, բայց միաժամանակ կզարգացնի այնպիսի նոր հարթակներ, ինչպես հեռարձակումը, աուդիոծրագրերը եւ ուղիղ ռեպորտաժները»: Նա պարզաբանել է, որ այս ուղղությունները «հիմա զգալի շահույթ են բերում»: Նրա տեսանկյամբ՝ «տաբլոիդի ապագա հնարավորությունները, հնարավոր է, լավագույնս կբացահայտվեն նոր սեփականատերերի դեպքում»:

Փեքերը չի նշել, թե National Enquirer-ը որքան է գնահատվել, եւ ով է մտադիր այն գնել: Նա չի մեկնաբանել The Washington Post-ի տեղեկությունն այն մասին, որ վաճառքի նախաձեռնողներն են եղել American Media-ի տնօրենների խորհրդի անդամները եւ այս ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի տեր Chatham Asset Management-ը: Նրանք «մտահոգված էին տաբլոիդի ֆինանսական դժվարությունների եւ National Enquirer-ի մարտավարության պատճառով», հայտնել էր The Washington Post-ը:

Բեզոսն ավելի վաղ հայտնել էր, որ կարգադրել է մասնավոր քննություն անցկացնել պարզելու համար, թե ինչպես են գաղտնի տեղեկությունները հայտնվել National Enquirer-ի տրամադրության տակ: Երկար ժամանակ չէր բացառվում, որ պարբերականը Amazon-ի ղեկավարին վարկաբեկող տեղեկությունները ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից կամ Սաուդյան Արաբիայից միջնորդներից: American Media ընկերության շահերը ներկայացնող փաստաբանը փետրվարին ABC-ի հետ զրույցում նման վարկածները հերքել էր: Ավելի ուշ The Wall Street Journal-ը, սեփական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ տաբլոիդը Բեզոսի դավաճանության մասին տեղեկությունները ստացել է նրա սիրուհու (դերասանուհի Լորեն Սանչես) եղբորից:

Amazon-ի ղեկավարը վարձել էր մասնավոր խուզարկու Գեւին դե Բեքերին, որպեսզի ստուգեր՝ իսկապե՞ս վարկաբեկող լուսանկարների հեղինակն այդ մարդն է: Բեզոսի պնդմամբ՝ National Enquirer-ի գլխավոր խմբագիր Դեւիդ Փեքերը տեղեկացել էր քննության մասին եւ իր ներկայացուցիչների միջոցով պահանջել այն դադարեցնել: Հակառակ դեպքում Փեքերը սպառնացել էր նոր հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաեւ ինտիմ բնույթի լուսանկարներ, որոնք փոխանակել են Բեզոսն ու Սանչեսը: Դրանից բացի, Փեքերը ցանկանում էր, որ Բեզոսը հրապարակայնորեն հայտարարեր, որ National Enquirer-ի նյութերում քաղաքական ենթատեքստ չկա: Բեզոսը, սակայն, որոշել էր սպառնալիքներին չտրվել եւ հրապարակել էր այդ կապակցությամբ իր նամակագրությունը: