Մարշալ Խալիֆա Հաֆթարի ազգային բանակի ավիացիան հարված է հասցրել մայրաքաղաք Տրիպոլիի հյուսիս-արեւելքում գտնվող ազգային համաձայնության կառավարության ռազմական բազային, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

«Լիբիայի (ազգային-խմբ.) բանակը Տրիպոլիի հյուսի-արեւելքում հարված է հասցրել Միտիգի ռազմական բազային», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում:

Անցյալ հինգշաբթի մարշալ Խալիֆա Հաֆթարը իր ուժերին հրամայել էր հարձակվել Տրիպոլիի վրա՝ ահաբեկիչներից ազատագրելու համար:

Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկում են Լիբիայի մայրաքաղաքի հարավ-արեւելքում գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքները:

Ֆայեզ Սարաջիի Ազգային համաձայնության կառավարության օպերատիվ շտաբը նաեւ հայտնել է,  որ Լիբիայի ազգային բանակի ռազմական ինքնաթիռները հարվածել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Միտիգա՝ միակ գործող օդանավակայանին, որից հետո բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:

Ազգային համաձայնության կառավարության ԶՈՒ-ն ապրիլի 7-ին հայտարարել էր Լիբիայի ազգային  բանակի դեմ  «Զայրույթի հրաբուխ» ռազմական գործողության մեկնարկի մասին:

2011 թվականին քաղաքացիական պատերազմից եւ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է պահպանվում: Արեւելքում իշխում է խորհրդարանը եւ ֆելդմարշալ Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող բանակը: Արեւմուտքում՝ Տրիպոլիիում, ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ-ի աջակցությամբ եւ ճանաչվել միջազգային հանրության կողմից: