Վիեննայի կենտրոնական գերեզմանոցի Հուղարկավորությունների թանգարանը այցելուների ուշադրությանն է ներկայացրել մահվան եւ հուղարկավորության արարողության թեմայով LEGO խաղալիքների նոր հավաքածուները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել է թանգարանի վարչակազմը, նոր նախագծի օգնությամբ իրենք մտադիր են օգնել ծնողներին նպաստել երեխաների շրջանում մահվան թեմայի լավագույն ընկալմանը։

LEGO մանկական կոնստրուկտորի նոր հավաքածուն ներառում է դիակառք, դիատրամվայ, գերեզմանոց՝ գերեզմանով, շիրմաքարով, էքսկավատորով, վառարան, դիակիզարան, սգացող ընտանիք, հանգուցյալներ եւ կմախքներ։ 7-113 եվրո արժողությամբ հավաքածուները գնորդների համար հասանելի են հենց Հուղարկավորությունների թանգարանում կամ դրա ինտերնետային կայքում։

Հոգեթերապիայի վիեննական պետական ասոցիացիան սատարում է երեխաների համար LEGO-ի օգնությամբ հուղարկավորության թեման ավելի հասանելի դարձնելու նախաձեռնությունը։ Բժիշկները նշում են, որ մահն անխուսափելի է, եւ հաճախ անհարմար վիճակի մեջ է գցում ծնողներին, երբ նրանք այդ մասին խոսում են երեխաների հետ։ Մանկական կոնստրուկտորը օգնում է խորհրդանշական ճանապարհով բացատրել երեխաներին իրադարձությունը։