Thomas Cook Airlines ավիաընկերության ուղեւորուհի Նատալի Վինը ճանապարհորդության համար տնտեսելու միջոց է գտել եւ հագել ուղեբեռի իրերի կեսը, հաղորդում է The Sun-ը:
Ավիաընկերության աշխատակիցը Կանարյան կղզիներ թռիչքից առաջ կանգնեցրել էր Նատալիին եւ ասել, որ նրա ճամպրուկը 9.4 կգ է կշռում՝ ձեռքի ուղեբեռի նորմայից 3.4 կգ-ով ավելի:
Նատալիին խնդրել էին ճամպրուկը որպես ուղեբեռ գրանցել եւ 118 դոլար վճարել դրա համար: Այդ ժամանակ աղջիկը բացել է ճամպրուկը եւ հագել 7 գզեստ, երկու զույգ կոշիկ, երկու շորտ, կիսաշրջազգեստ եւ կարդիգան:
«Միակ մարդը, որը դժգոհ էր կատարվածից, գրանցման սեղանի աշխատակից կինն էր: Բայց նա միեւնույն է թույլ տվեց ինձ անցնել ինքնաթիռ», — ասել է Վինը՝ հավելելով, որ քիչ է մնացել շոգից ուշագնաց լինի:
Աղջկա խոսքով, երբ նա այդ տեսքով մտել է ինքնաթիռ, ուղեւորները ծիծաղել են նրա վրա, իսկ ոմանք անգամ առաջարկել նրա իրերն իրենց ուղեբեռում տեղավորել:
Thomas Cook-ի աշխատակիցները գնահատել են աղջկա հնարամտությունը եւ նրա արարքը համեմատել 90-ականների հայտնի «Ընկերներ» սերիալի դրվագներից մեկի հետ:




























