Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհը նշում է Տիեզերագնացության ու ավիացիայի համաշխարհային օրը, որը հիշարժան օր է՝ նվիրված տիեզերք մարդու առաջին թռիչքին: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության եւ այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը: Տոնը միջազգային կարգավիճակ է ստացել 1968 թվականին միջազգային ավիացիոն ֆեդերացիայի համաժողովում, հայտնում է Calend.ru-ն:

Ի դեպ, 2011 թվականից այն եւս մեկ անուն է կրում՝ Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր (International Day of Human Space Flight): Այս մասին 2011 թվականի ապրիլի 7-ին ՄԱԿ ԳՎ հատուկ լիագումար նիստում Ռուսաստանի նախաձեռնությամբ պաշտոնապես ընդունվել է № A/RES/65/271 բանաձեւը՝ տիեզերական տարածքի յուրացման գործում առաջին քայլի 50-ամյակի կապակցությամբ: Այս բանաձեւի համահեղինակներն են դարձել ավելի քան 60 պետություններ:

1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր եւ մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը:

Ընդամենը 108 րոպե տեւած թռիչքը տիեզերքի յուրացման գործում հզոր բեկում էր: Յուրի Գագարինի անունը լայնորեն հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, իսկ ինքը առաջին տիեզերագնացը ժամկետից շուտ ստացավ մայորի եւ Խորհրդային Միության հերոսի կոչումներ:

Ինչպես հայտնի է դեպի տիեզերք մարդու թռիչքից առաջ Տիեզերք են ուղարկվել մարդու քառոտանի բարեկամներ Բելկա եւ Ստրելկա շները, որոնք «Վոստոկ» տեզերանավով մեկօրյա թռիչք են կատարել՝ Երկիր վերադառնալով:

Տիեզերագնացության պատմության մեջ առաջին միջազգային թռիչքը տեղի է ունեցել 1975 թվականի հուլիսի 15-ին՝ առաջիններն էին խորհրդային «Սոյուզ-19» եւ ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերը:

21-րդ դար մտնելով՝ մենք տիեզերական տեխնիկայի զարմանալի հաջողությունների ականատեսն ենք՝ Երկրի շուրջ պտտվում են տասնյակ հազարավոր արբանյակներ, տիեզերական սարքերը վայրէջք են կատարել Լուսնի վրա՝ այնտեղից բնահողի նմուշներ բերելով: Հետագայում Մարսի եւ Վեներայի վրա են իջեցվել ավտոմատ զոնդեր, մի քանի տիեզերական սարքեր հեռացել են Արեգակնային համակարգի սահմաններից եւ ուղերձ են տանում Արտերկրային քաղաքակրթություններին:

Ուստի այս տոնը՝ Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օրը, հռչակելով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը «ամբողջ մարդկության սեփականություն համարվող տիեզերական տարածքի հետազոտությանը եւ խաղաղ նպատակներով օգտագործմանը նպաստելու գործում մարդկության ընդհանուր հետաքրքրվածության» խոր համոզմունք է հայտնել: