Վաղ ժամկետներում աբորտի կատարումն արգելող օրենքը հինգշաբթի ուժի մեջ է մտել Օհայո նահանգում: Այս մասին հայտնել է նահանգապես Մայքլ Դեւայնը (հանրապետական է), փոխանցում է Detroit Free Press-ը:
Դեւայնի նախորդը՝ Ջոն Քեյսիկը իր իշխանավարման շրջանում այս օրինագծի վրա երկու անգամ վետո է կիրառել՝ ԱՄՆ սահմանադրությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ:
Օրենքն արգելում է աբորտների կատարում պտղի սրտի զարկի հայտնվելու փուլում: Բժիշկների տեսանկյամբ՝ սա կարող է սկսվել հղիության 5-րդ շաբաթում, երբ կինն այդ մասին դեռեւս չգիտի: Օրենքում բացառություններ նախատեսված չեն բռնաբարության հետեւանքով հղիության համար:
Մինչեւ Օհայոն, ամերիկյան եւս 5 նահանագների խորհրդարաններ են հավանություն տվել համանման արգելքներին, հայտնում է Associated Press գործակալությունը: Սակայն 3 դեպքում համապատասխան օրինագծերն արգելափակվել են դատարանների որոշմամբ, մի դեպքում ուժի մեջ մտնելը հետաձգվել է, իսկ 5-րդ դեպքում քննարկվում է նահանգապետի կողմից:
Աբորտի իրավունքի սահմանափակման հարցը 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ամենաէմոցիոնալ հարցերից մեկն էր, եւ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հրաման ստորագրեց, որով վերականգնվում էր ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից միջոցների հատկացման արգելքը այն արտասահմանյան հասարակական կազմակերպություններին, որոնց բուժանձնակազմերը աբորտներ են կատարում կամ դրանց մասին տեղեկություններ են տրամադրում:
Արգելքը սահմանվել է 1985 թվականին նախկին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, արգելքն այնուհետեւ չեղարկել են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը (1993-ին) եւ Բարաք Օբաման (2009-ին): Հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը արգելքի գործողությունը վերականգնել էր:




























