WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի աջակիցը, որը ձերբակալվել է Էկվադորի մայրաքաղաքի օդանավակայանում, Շվեդիայի հպատակ է՝ Օլա Բինի անունով: Ուրբաթ Radio Centro-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն:
«Ձերբակալվածի անունը Օլա Բինի է: Նա Շվեդիայի հպատակ է», - ասել է Ռոմոն: Նրա խոսքով, Բինին առնվազն 12 անգամ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը այցելել է Ասանժին:
Հինգշաբթի Ռոմոն հաղորդել էր Կիտոյի օդանավակայանում Ասանժի աջակցի ձերբակալման մասին, երբ վերջինս փորձել էր Ճապոնիա մեկնել, սակայն այդ ժամանակ չէր հայտնել նրա անունը եւ քաղաքացիությունը: Նրա խոսքով՝ լրագրողի օգնականը նպաստել է երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերին` կառավարությանը վնասելու նպատակով: Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ ձերբակալվածը WikiLeaks կայքի ծրագրային ապահովման մասնագետներից է:
2006-ին Ասանժը հիմնել էր WikiLeaks պորտալը, որտեղ մի շարք կառավարությունների գործունեության մասին, այդ թվում ԱՄՆ-ի, գաղտնի տեղեկատվություն է հրապարակվում:
Շվեդիայում նրա դեմ ոտնձգությունների վերաբերյալ ներկայացված մեղադրանքների պատճառով 2012-ին նա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան էր խնդրել, որտեղ գրեթե 7 տարի անընդմեջ գտնվում էր:
Էկվադորը հինգշաբթի հրաժարվել էր հետագայում եւս ապաստան տրամադրել, եւ Ասանժը կալանավորվել էր 2012 թվականի օրդերով լոնդոնյան դատարան չներկայանալու պատճառով, իսկ այնուհետեւ 2018 թվականի ԱՄՆ-ի արտահանձնման հարցմամբ: Ասանժի պաշտպանները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ին արտահանձնելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ նրան սպառնում է 5 տարի հաքերային գործունեության համար:




























