Եթե կատարվել է հանցագործություն, կամ հարկեր չեն վճարվել, բնականաբար, պետք է իրականացվեն որոշակի գործողություններ, սակայն «Սպայկայի» խնդիրը կարող էր այլ կերպ լուծվեր, քանի որ այդ ընկերությունը լուրջ դեր ունի գյուղմթերման ոլորտում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Խնդիրն այն է, որ այս տարի, ըստ մասնագետների, սպասվում է բավականին լուրջ բերք, «Սպայկան» այն ձեռնարկությունն է, որ զբաղվում է նաեւ գյուղմթերքի մթերմամբ։ Ինձ համար անհասկանալի է տնօրենի կալանքը։ Չեմ կարծում, որ նման մեծ ակտիվներ ունեցող, աշխատող ընկերության տնօրենը կթողներ, կփախներ։ Կարծում եմ՝ աշխատելով ավելի հեշտ կտար այդ հարկերը, որոնք թաքցվել են»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընկերության տնօրենի կալանավորումն անհասկանալի է նաև հնչեղություն ունեցող հանցանքների հետ կապ ունեցող այլ անձանց՝ ազատության մեջ լինելու պայմաններում։
«Անհասկանալի է՝ ինչպես է 14 մլն. կաշառք վերցրած նախկին ՀՀԿ–ական, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարողացել երկրից դուրս գալ, ինչպես է կարողացել Գոնսալեսը դուրս գալ, հերիք չէ, 6–7 ամիս էլ չեն կարողանում բերել, իսկ նման խոշոր ձեռնարկության տնօրենը կալանավորվում է»,– ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։ Նա կալանավորվել է։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:





























