Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է տղամարդուն, որը լվանում էր ձեռքերը գետում, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով The Jakarta Post պարբերականին:

Չորեքշաբթի՝ ապրիլի 10-ին, Սումատրա կղզու Փեքանբարու քաղաքի հարեւանությամբ Փուլաու Բուրունգ գյուղի բնակիչ՝ Սուբլի անունով 35-ամյա տղամարդը գնացել էր ձկնորսության իր գործընկեր Ագուս Ռիյանտոյի հետ: Նրանք որսի համար ընտրել էին կոկոսի ֆերմայի տարածքում գտնվող գետը եւ մոտոցիկլետով ընթացել մացառուտների միջով շուրջ մեկ ժամ:

Տեղական ժամանակով երեկոյան ժամը 10-ի շրջանում Սուբլին մոտեցել էր գետին ընթրիքից առաջ ձեռքերը լվալու համար: Տղամարդը հեռվացել էր գործընկերոջից ընդամենը 10 մետրով եւ անհետացել: Ռիյանտոն լսել էր միայն ջրի բարձր ձայնը:

Նա ջահը ձեռքին մոտեցել էր այնտեղ, որտեղ վերջին անգամ տեսել էր Սումբլիին: Ռիյանտոն նկատել էր միայն ջրի վեր բարձրացող պղպջակները, որոնք հետզհետե հեռվանում էին ափից: Նա կասկածել էր, որ իր գործընկերոջ վրա հարձակվել է կոկորդիլոսը, շտապել էր տուն եւ զանգել ոստիկանություն:

Սուբլիի որոնողական աշխատանքներին մասնակցում էին տեղի բնակիչները, ոստիկաններն ու զինվորականները: Հաջորդ առավոտ տղամարդու դին հայտնաբերել էին այնտեղ, որտեղ նա զբաղվում էր ձկնորսությամբ: