Շվեյցարական Ցյուրիխ քաղաքից գիտնականները սինթեզել են ճարպի մոլեկուլի նոր տեսակը, որն ունակ է դիմակայել գերցածր ջերմաստիճանին, գրում է Planet Today-ը:
Ջրի հետ փոխազդելով՝ արհեստական եղանակով ստացված բիոմիմետիկ պոլիմերները ձեւավորում են բարակ մեմբրանների խիտ ցանց եւ չեն բյուրեղանում անգամ առավելագույն սառեցման պայմաններում: Նմանօրինակ երեւույթ տեղի է ունենում նաեւ կենդանի հյուսվածքների ներսում, երբ բազմաթիվ օրգանելներ շրջապատված են լիպիդային մեմբրաններով:
Սառույցի գոյացման համար ջրի մոլեկուլներին անհրաժեշտ է ձեւավորել վեցանկյուններ: Եթե դրա համար խոչընդոտներ ստեղծվեն նանոմասշտաբում, ապա ստացվում է ներհյուսվածքային տարածություններում բյուրեղացման ցածր ջերմաստիճանի էֆեկտ: Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները Լիվիա Սալվատի Մաննիի հետ միասին լուծել էին այդ խնդիրը մոդիֆիկացված մոնոացիլգլիցերոլների սինթեզի միջոցով:
Հետագայում գիտնականները հետազոտել էին ջրի հետ դրանց լուծույթը կայուն մեզոֆազայի վիճակում (կարծր մարմնի եւ հեղուկի միջեւ վիճակն է) -263°C ջերմաստիճանի պարագայում: Բյուրեղացումը տեղի չէր ունեցել. ջուրը պլաստիկ էր:
Nature Nanotechnology գիտական պարբերականում հրապարակված հետազոտության հեղինակները համարում են, որ նրանց հայտնագործությունը կարող է ծառայել որպես գործիք այլ բնագիտական ուսումնսիրությունների համար, ինչպես նաեւ ունենա կիրառական նշանակություն այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է կանխել ջրի սառեցումը:




























