Ամեն կերպ ցուցարարները հրահրեցին տղաներին, որ կռիվ դառնա, ու մի քանի հարված էլ ինձ հասավ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի դպրոցի տնօրեն Նանուշ Սարգսյանը, պատմելով, Զարթոնքում երեկվանից չհանդարտվող իրավիճակի, այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի ու կրակոցների մասին:
«Երեկ մարզպետարանի կրթության բաժնից եկել էին ստուգումներ անցկացնելու բնակիչների բողոքի հիման վրա։ Ինձ ստուգողները առաջարկեցին, որ բողոքողները, որոնք տասը հոգի էին, ներկա գտնվեն այդ պահին, ես էլ համաձայնեցի։ Ստուգողները մտել են գրասենյակ, մենք միայն հասցրել ենք բարեւել իրար։ Սենյակի դուռը բացում, ասում են՝ հարյուր հոգանոց խումբ է, ներս թողնե՞նք։ Ես էլ թույլ չտվեցի։ Ու սկսեց մեծ բախում։ Ծեծեցին մեր օպերատորին, հիմա ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում»,- պատմեց դպրոցի տնօրենը, եւ նշեց, որ այսօրվա միջադեպը երեկա շարունակությունն է եղել։
«Իմ տան դիմացի փողոցում ապրում է այն տղան, ով երեկ վիրավորվել էր դպրոցի միջադեպի ժամանակ։ Բողոքող կանանցից մեկը դուրս եկավ տարածք ու սկսեց ռեպլիկներ բաց թողնել, որ մենք ենք կռիվը սարքել դպրոցում, որ օպերատորը ծեծել է իրենց էպիլեպսիկ երեխային։ Եվ հրահրում են այդ տղայի հորը, որը կռիվ դառնա։ Որից հետո տղաներս գնացին բակ՝ հասկանան ինչ է կատարվում։ Ես էլ վազեցի, մի քանի հարված էլ ինձ հասավ, մի կերպ տղաներիս քաշելով բերել եմ իմ բակ, դուռը փակել եմ»,- պատմեց նա։
Տնօրենի խոսքով՝ցուցարարները իր տան տարածք են ներխուժել հարեւանների բակերով. «Զենքեր, քարեր, բահեր, շիֆրեր, էլ ինչ տեսակ բան ասես ձեռքներին եկան։ Քարերի անձրեւ էր իմ բակում։ Ու տղաս էլ զենքը վերցրեց օդ կրակեց որ թողնեն գնան, բայց չհանդարտվեցին այնքան ժամանակ մինչեւ չեկավ ոստիկանությունը»,- ասաց Նանուշ Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաեւ այն տեղեկությանը, թե ինքը հայհոյել է գյուղի կանանց. «Հորեղբորս քառասունքի ժամանակ իրենք դհոլ զուռնայով շրջում էին փողոցներով։ Հորս բակում դհոլ էին նվագում, եւ մի խումբ կանայք աղմկում էին։ Ես մեքենայով գնացել եմ իրենց մոտ, պատուհանն իջեցրել ու բացատրել եմ, որ ամհարմար է վերջ տան իրենց բարբարոսությանը։ Ես գյուղի կանանց չեմ հայհոյել»,- ասաց նա։
Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:
«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:
Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։
Ոստիկանությունը եւս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջադեպի ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել, նրան ոստիկանները վնասազերծել են: «Միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:































