Հայաստանի վարչապետի վերահսկողության ծառայությունն ուսումնասիրում է աշխատավարձի բարձրացում պահանջող բժիշկների դիմում-բողոքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի աշխատակիցները դիմում են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նշելով, որ մինչ օրս չեն բարձրացրել իրենց աշխատավարձը, մինչդեռ այդ մասին խոստումներ են տրվել ամենաբարձր պաշտոնյաների կողմից: Նրանք նշել են, որ ստանում են ընդամենը 21 500 դրամ աշխատավարձ:

Բժիշկները մասնավորապես ուզում են ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները. «ե՞րբ պետք է հարգվի բուժաշխատողների աշխատանքը, ե՞րբ պետք է մեզ վճարվի խոսք տրված բարձր աշխատավարձը»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել առողջապահության նախարարությունը, նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը պատասխանել է. «Այս պահին ԱՆ առողջապահական պետական գործակալության պետի տեղակալ Այվազյան Գարուշը վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ ուսումնասիրություններ են կատարում նամակի հետ կապված: Մենք հաջորդիվ կներկայացնենք մանրամասները»: