90-ամյա Գլորիա Մաքքենզին դատի է տվել իր որդուն եւ նրա օգնականներին այն բանի համար, որ նրանք հմտորեն չեն վարվում իր ունեցվածքի հետ։ 2013թ․ Ֆլորիդայի բնակչուհին վիճակախաղով հսկայական՝ 590 մլն դոլար, գումար էր շահել՝ հայտնում է BBC-ն։

Գլորիա Մաքքենզին դարձել է Powerball վիճակահանության ամենահաջողակ հաղթողը ԱՄՆ ողջ պատմության ընթացքում։ Հարկերի գանձումից հետո Մաքքենզիի շահույթը կազմել է 278 մլն դոլար։

Սակայն Ֆլորիդայի բնակչուհին պնդում է, որ իր փողերը տնօրինել են ոչ հմուտ եւ ոչ գրագետ ձեւով, ինչի արդյունքում նա միլիոնավոր դոլարներ է կորցրել։

Նրա որդին՝ 60-ամյա Սքոթ Մաքքենզին, համարում է, որ հայցը հիմքեր չունի։

Երբ Մաքքենզին շահել էր Ջեք-փոթը, նա 84 տարեկան էր։ Նրա խոսքերով, շահածի կեսը ինքը տվել է որդուն, որը պարտավորվել է խնամել իրեն մինչեւ կյանքի վերջը։

Խոշոր գումարներ տնօրինելու փորձ չունենալով՝ նա վստահել է որդուն նաեւ իր գումարի տնօրինումը։

Այս տարվա մարտին գրանցված հայցում ասվում է, որ Մաքքենզիի որդու կողմից արված անշահավետ ներդրումները կնոջ վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ են նստել։ Նա պնդում է, որ այդքան փող կաշխատեր, եթե գրագետ ներդրումներ արվեին։