Օքսֆորդշիրում խողովակներ անցկացնելիս հայտնաբերել են տասնյակ հնագույն կմախքներ: Բրիտանական Thames Water կոմունալ ընկերության աշխատակիցները հայտնաբերել են մարդկանց մասունքներ, որոնք, հնարավոր է, մոտ 3000 տարի առաջ Անգլիայի բնակչության մասն են եղել: Հնագետների կարծիքով՝ նրանցից ոմանք, հնարավոր է, զոհաբերվել են, փոխանցում է CBSNews-ը:
Մարդկային 26 կմախքները, ենթադրաբար, պատկանում են երկաթե դարին եւ հռոմեական շրջանին:
«Այս հայտնագործությունը մարտահրավեր է նետում անցյալի մեր ընկալմանը եւ մեզ առաջարկում է փորձել հասկանալ մարդկանց մտածելակերպը, որոնք ապրել եւ մահացել են ավելի քան 2000 տարի առաջ»,- նշում են հնագետները:
Գտնվել են նաեւ կացարանների, կենդանիների մարմինների մնացորդներ, տնային կենցաղային իրեր, այդ թվում կավե ամաններ, կտրող գործիքներ եւ դեկորատիվ սանր:




























