ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում 6 մարդ է տուժել մարդատար ավտոմեքենայի վարորդի կողմից դիտավորյաալ վրաերթի ենթարկվելու հետեւանքով, հայտնում է ABC13 հեռուստաալիքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդը մի խումբ մարդկանց հետ վիճաբանությունից հետո նստել է մեքենան եւ մայթին կանգնածներին վրաերթի ենթարկել: Արդյունքում վնասվածքներ է ստացել 17-ից 42 տարեկան վեց մարդ: Նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

«Ականատեսներն ասում են, որ մինչեւ պատահարը ծեծկռտուք է եղել: Եվ 44-ամյա վարորդը, հնարավոր է, դիտավորյալ է ավտոմեքենան ուղղել ծեծկռտուքին մասնակցած մարդկանց վրա՝ խփելով 6 մարդու»,- հեռուստաալիքի եթերում ասել է ոստիկանության գլխավոր տեսուչ Սքոթ Սմոլը:

Վարորդը ձերբակալված է, նա եւս հիվանդանոցում է գլխի ու դեմքի վնասվածքների պատճառով, որոնք, ոստիկանների տեղեկություններով, ստացել է արդեն վրաերթից հետո, երբ նրան ծեծել են այնտեղ եղած այլ մարդիկ: