Հրդեհից տուժած Նոտր Դամ տաճարի վերականգնման համար նվիրատվությունների գումարը հասել է 1 միլիարդ եվրոյի, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Le Parisien-ին:
Գումարները հիմնականում ստացվում են խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ Ֆրասնիայի Մշակույթի նախարարության ընտրած 4 հասարակական հիմնադրամներից:
Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը չորեքշաբթի Twitter-ի էջում հայտարարել է ինտերնետ-պորտալի մեկնարկի մասին, որով կարող են նվիրատվություններ կատարվել տաճարի վերականգնման համար:
Նոտր Դամ տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան, այն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Նախնական տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել վերին հատվածներում վերանորոգման ժամանակ:
Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է տաճարի սրածայր աշտարակը եւ տանիքի մեծ մասը:
Ֆրանսիայի իշխանությունները եւ գործարարները, հասարակական կազմակերպությունները, պատմական հուշարձանների պահպանման հասարակությունները անմիջապես սկսել էին միջոցներ հավաքել տաճարի վերականգնման համար: Օգնության առաջարկներ են ստացվել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից:



























