Պետության կողմից մարդասիրական վարքագծի արդյունքում ազատված անձի կողմից կատարված նույնիսկ մեկ հանցագործությունը չի կարող նորմալ համարվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով համաներումից հետո կատարված հանցագործությունների թվի մասին։
Գլխավոր դատախազը, սակայն, շեշտեց՝ պրակտիկայում տարբեր ժամանակներում համաներման ակտերի կիրառումը միշտ ունեցել են այդպիսի հետեւանքներ։ «Մեզ համար դա կանխատեսելի է եղել, դրանով պայմանավորված դեռ մինչեւ համաներման ակտի կիրառումը կանխարգելիչ բազում միջոցառումներ են իրականացվել։ Գուցե հանցագործությունները շատ ավելի շատ լինեին, եթե կանխարգելիչ այդ միջոցառումները ձեռնարկված չլինեին։ Բայց նույնիսկ մեկ դեպքը մենք չենք կարող համարել ընդունելի, այդ պատճառով քրեաիրավական պայքարն այս ուղղությամբ ակտիվացվում եւ ուժեղացվում է»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ հայտարարված համաներման օրենքը ուժի մեջ էր մտնել նոյեմբերի 6-ից եւ տարածվել էր 6500 շահառուի վրա։ Համաներումից հետո համաներված 70 անձինք 130 հանցագործություն են գործել:



























