Իրանահայ համայնքի ներկայացուցիչները՝ Սեպուհ արք. Սարգսյանի, Բաբգէն եպս. Չարյանի եւ Նշան եպս. Թոփուզյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին այցելել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանին եւ նրան հանձնել համայնքի մտահոգությունն ու անհանգստությունը բովանդակող գրավոր նամակ՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ:

Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիվանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում իրանահայերը շնորհավորել են դեսպանին` նշանակման կապակցությամբ, եւ ներկայացրել են պատվիրակության այցելության հիմնական նպատակը, այն է՝ պաշտոնական նամակը դեսպանատան միջոցով Հայաստանի նախագահին փոխանցելը: Դեսպանն իր հերթին խոստացել է իրանահայերի մտահոգություններն ու նամակը փոխանցել Սերժ Սարգսյանին: