Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը այսօր՝ ապրիլի 17-ին, հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիեւա Մարիա Պավլովային։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Կողմերը կարեւորել են բնապահպանության ոլորտում համագործակցության խորացումը եւ նախանշել այդ ուղղությամբ երկրների միջեւ առկա ներուժի արդյունավետ իրացման քայլերը։ Քննարկվել են նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հարցերը։

Նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպանին տեղեկացրել է, որ Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնապահպանական վճարների քաղաքականության արմատական փոփոխություն, որի հիմքում դրվել է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման սկզբունքը եւ այդ առումով օգտակար է համարել Բուլղարիայի արդեն կիրառած փորձի դիտարկումը։

Որպես ԵՄ անդամ պետության ներկայացուցիչ՝ դեսպանի հետ քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող հրահանգների մոտարկման գործողությունների ընթացքին վերաբերող հարցեր։