Ապրիլի 16-ին Հելսինկիում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննականը՝ ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաիմո Հենրիկսոնը (Maimo Henriksson)։

Հանդիպման մեկնարկին կողմերը կարևորել են խորհրդակցությունների անցկացման պարբերականության պահպանումը, անդրադարձել երկու երկրներում ընթացող ներքաղաքական զարգացումներին։

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆիննական քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին համագործակցության հետագա խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերությանը, քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ֆին գործընկերներին ներկայացրել են վերջին տարում Հայաստանում տեղ գտած զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչպես նաև երկրում հռչակված տնտեսական հեղափոխության առաջնայնությունները։